Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ասել է, թե Ավետիք Բուդաղյանի «խմածության աստիճանն էնքան շատ էր», որ կարող էր դրա հետևանքով մահանալ: Լիցկան նաև ասել է, թե 2013-ի հունիսի 1-ին իր տան բակում հրազենային կրակոցից զոհված Բուդաղյանի մոտ իր նկատմամբ «կուտակված թշնամություն» կար՝ նախկինում Գորիսում կայացած քաղաքապետի ընտրությունների պատճառով: Մի խոսքով, նրա մեկնաբանմամբ, կարելի է մտածել, որ հանգուցյալ Ավետիք Բուդաղյանի համար այդ օրվա խմածությունը նույնիսկ առիթ է եղել, որ նա իր ներսում կուտակված թշնամանքը որոշակի գործողություններով արտահայտի` գնա զենք վերցնի ու գա Լիցկայի դեմ կռիվ:
Ի սկզբանե այս միջադեպն արդեն այնպես էր ներկայացվում, թե Լիցկայի ընտանիքը ինքնապաշտպանության է դիմել, որի արդյունքում մարդը զոհվել է կրակոցից: Հայտնի է, որ ինքնապաշտպանության համար մարդուն չեն դատում, իհարկե եթե այդ ինքնապաշտպանությունը համարժեք է եղել սպառնացող վտանգին: Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ դա այնքան էլ այդպես չի եղել, քանի որ հինգ-վեց (գուցե ավելի) հոգով գործել են մեկի դեմ: Եթե Ավետիք Բուդաղյանն այդքան խմած էր, որ կարող էր նույնիսկ դրանից մահանալ, ուրեմն կարելի է ենթադրել, որ նա չէր կարող միայնակ այդքան մարդու «հախից գալ»` անկախ նրանից, թե այդպիսի նպատակ ունեցել է կամ ոչ: Ի դեպ, ալկոհոլի այդ չափի օգտագործումը ինչ-որ առումով մարդուն նաև անվտանգ է դարձնում: Մյուս կողմից` Լիցկան իրեն իրավունք է վերապահում անհամեստորեն նման դատողություններ անել` գուցե հրապարակելով նախաքննության գաղտնիության սկզբունքը: Ի՞նչ վստահությամբ է Սուրիկ Խաչատրյանն իրեն այդքան պաշտպանված զգում: Չէ՞, որ մինչ քննության ավարտը ոչ ոք, նույնիսկ գործը հետաքննող անձնակազմը, չի կարող վստահ լինել նոր փաստերի ի հայտ գալը բացառելու մեջ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ